Հոկտեմբերի 21-ին ԱԺ-ն արտահերթ նիստում շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը: Այս գումարման խորհրդարանը իր պատմության չորս տարիներին արդեն երրորդ կառավարության ծրագիրն է քննարկում: Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշեց, որ ձևական առումով կառավարության ծրագիրը կես տարվա ծրագիր է, որից հետո գործող կառավարությունը հրաժարական է տալու՝ խորհրդարանական ընտրությունների պատճառով, բայց երկիրը շարունակելու է ապրել ու տնտեսությունը շարունակելու է գործել:
Նա կարևորեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում կա շարունակականության ապահովումը այն գործընթացների, որ արդեն սկսվել են և սկսվելու են:
«Ծրագիրը հեռանկարայնություն է պարունակում, համարյա բոլոր գործողությունները և բարեփոխումները համակարգային են: Ի՞նչ է հայտարարում իր համար գերակայություն կառավարությունը: ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը.լավատեսությունն ապագայի նկատմամբ: Գեղեցիկ խոսքեր այս դահլիճում այնքան են հնչել, որ այլևս որևէ մեկին ոչ կզարմացնես, ոչ կոգեշնչես մտադրությունների վեհությամբ ու նպատակների կարևորությամբ: Հակառակն էլ կա՝ այնքան քննադատություն է հնչել՝ քաղաքական նկատառումներով ու անձնական դրդումներով, որ քննադատության գինն այնքան ավելի է ընկնում, որքան խորհրդարանական ընտրություններն են մոտենում: Քննադատությունը պետք է լինի բովանդակային ու առարկայական և պարտադիր պայման ունենա՝ ելքեր առաջարկելը: Կառավարության ներկայացրած ծրագրի երկրորդ կարևոր առանձնահատկությունը ելքեր առաջարկելու մեջ է: Հատկապես կարևոր է, որ հատուկ շեշտադրում կա տնտեսական զարգացման վրա՝ ժամանակակից տնտեսական զարգացումներ և ներդրումներ ապահովելու վրա՝ այդ հարթության մեջ տեսնելով պետության հզորացման հնարավորությունը, ու դա երրորդ կարևոր առանձնահատկությունն է: Տնտեսական զարգացման համար առաջարկվում են ոչ ստանդարտ քայլեր ու հետաքրքիր լուծումներ, որ նախկինում չեն նկատվել կամ չեն արժևորվել: Կարծում եմ՝ սա նաև նոր խոսք է մեր իրականության մեջ:
Խորքով ու լայնքով երկրի ռեսուրսների գույքագրման, հաշվարկման ու հնարավորությունների ուսումնասիրման համար կատաստրոֆիկ կարճ ժամանակ ունենալով՝ կառավարությունը հասցրել է ծրագիր կազմել խորքային վերլուծություն կատարելով, ըստ էության մեր իրականության գլխավոր խնդիրները ճիշտ ախտորոշելու հիման վրա, ու սա ծրագրի չորրորդ առանձնահատկությունն է: ՀՀԿ-ն միշտ էլ իրավիճակը սթափ գնահատել է և իր գործողություններում երբեք ոչինչ չի թաքցրել ժողովրդից՝ ոչ լավը, ոչ վատը, ու այդ առումով ՀՀ 14-րդ կառավարության ծրագիրը շարունակելով նախորդների ավանդները հիմնվելով ՀՀԿ և ՀՀ նախագահի ծրագրերի վրա, ղեկավարվելով ՀՀ նախագահի հայտնի ելույթների գաղափարներով՝ անում է քայլ առաջ ու բարդ իրավիճակից դուրս գալու համալիր միջոցառումներ է ներկայացնում:
Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհի գերհզոր տնտեսություններն էլ, որ ՀՆԱ-ի տարեկան 7-10 % աճ են ապահովում, ստագնացիայի մեջ գտնող ու դեֆոլտի վտանգի տակ գտնվող տնտեսություններն էլ, բարեկեցության միջին մակարդակ ու կայուն տնտեսական աճ 3-5 % -ի սահմանում ապահովող տնտեսություններն էլ հիմքում լուծում են մեկ գերխնդիր՝ երկրի կենսապահովումը և զարգացման ամուր հիմքերի ձևավորումը: Աժ-ի քննարկմանը առաջարկվող ծրագիրը առանձնանում է կոնկրետությամբ, ու դա հինգերորդ առանձնահատկությունն է՝ կոնկրետություն, որ պետական կառավարման յուրաքանչյուր օղակի համար սահմանում կամ հստակեցնում է պարտավորություններ ու պատասխանատվություն՝ դա է կառավարման արդյունավետ մենեջմենտը պահանջում՝ հստակ խնդիր, լուծման հստակ մեխանիզմ ու պատասխանատվություն:
Ծրագիրը ընդգրկում է կես տարի ու դա նշանակում է, որ ինքն էլ բերում է իր արդյունավետության գնահատման չափանիշներն ու արժեքային սանդղակը՝ ու սա վեցերորդ առանձնահատկությունն է: Կառավարությունը փաստացի առաջարկում է վեց ամիս հետո համադրել արդյունքներն ու եզրակացություններ անել՝ լուծվե՞լ են իր առաջադրած ռազմավարական խնդիրները, թե՞ ոչ, ուստի կառավարությունն ինքն իրեն դնում է այնպիսի պայմանների մեջ, որ բացառում է ժամավաճառությունը թե իր, թե՝ մեր: Խնդրում եմ «ժամավաճառություն» բառը ճիշտ ընկալել՝ մեզ պետք են արագ լուծումներ, արագ ու ճշգրիտ: Պետական կառավարման համակարգի աշխատանքը գնահատվում է ըստ կոնկրետ արդյունքի: Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ պետական կառավարման համակարգը լուծել է սոցիալական խնդիր՝ ապահովելով որոշակի կրթական ցենզ ունեցող բնակչության զբաղվածությունն ու կենսամակարդակը, մինչդեռ կառավարման ճկուն ու արդյունավետ համակարգի գլխավոր խնդիրը դա չէ, այլ՝ բուն կառավարումը, այդ խնդիրը այլ ոլորտներում պիտի լուծվի:
Այս ծրագիրը, թերևս ամենամեծ փորձությունը կլինի, թե որքանո՞վ է պետական կառավարման համակարգի կադրային կազմը պատրաստ խնդրի լուծմանը, որքա՞ն են դաշտում մրցունակ կադրերը; Սա բարդ խնդիր է, բայց ուզում եմ ողջունել վարչապետի վճռականությունը նոր շունչ տալու պետական կառավարման համակարգին կամ ինչպես ինքն է ասում «սանիտարական մաքրում» կատարելու: Իսկապես «պետական կառավարման աշխատանքը ոչ թե զբաղվածություն ապահովելու, այլ երկրի քաղաքացիներին ծառայություններ՝ արժեքավոր ծառայություններ մատուցելու և արդյունավետ պետական կառավարման աշխատանք կատարելն է»:
Մյուս ռիսկայնությունը նրանում է, որ խնդիրները, որ շատ ճիշտ և ամբողջ ծավալով գույքագրված և թիրախավորված են, հնարավո՞ր է իրականացնել եղած պետական կառավարման համակարգում գոյություն ունեցող մարդկային ռեսուրսով, որի համար անհրրաժեշտ է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև նաև անտրտունջ ծանր աշխատանք և անմնացորդ հավատ և վստահություն:
Դուք ասել եք, որ այս կրճատումներից հետո աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, բայց ես համարում եմ և առաջարկում եմ, հաշվի առնելով այս ծրագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը, բարձր որակը, առաջարկում եմ կրճատումների հաշվին մինչև տաս տոկոս բարձրացնել պետական կառավարման համակարգի ծառայողների աշխատավարձը որպես ապագայի նկատմամբ լավատեսության սկիզբ:
Կան կետեր, որոնց կատարման համար պահանջվում է ոչ միայն կատարման ժամանակ, այլև տեխնոլոգիական ժամանակ այս արվածը փաստաթղթավորելու, տարբեր կանոնակարգերում, օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, որի կատարման համար անհրաժեշտ է որոշակի տեխնոլոգիական ժամանակ, որը կարող է չբավարարել: Դրա համար անհրաժեշտ է ևս մեկ անգամ ուշադիր նայել, թե կա՞ն կարճաժամկետ կատարման ենթակա կետերի մեջ նման կետեր, որոնց կատարման համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ, մանավանդ, որ այս գումարման ԱԺ մնացել է 5 ամիս:
ՀՀԿ-ն իբրև իշխող կուսակցություն իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ ստանձնել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության պատասխանատվությունը: Կառավարության կազմավորման ընթացքում մամուլում հաճախ քննարկվող թեմաներից մեկն էլ կառավարության կազմում անկուսակցական նախարարների նշանակումն էր, ավելի քաղաքական լեզվով՝ ոչ ՀՀԿ-ական նախարարների, նույնիսկ հարց էր հնչում, թե ինչու՞ պիտի ՀՀԿ-ն կրի անկուսակցական վարչապետի ու նախարարների աշխատանքի պատասխանատվությունը: Ես գտնում եմ, որ այդ հարցը հնարովի է, ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում իբրև ընտրություններում հաղթած ու իշխանություն ձևավորած կուսակցություն: ՀՀ նախագահը նաև նրանց նախագահն է, որ նախագահական ընտրություններում իրեն ձայն չեն տվել, ու դա նրան ոչ միայն իրավունքներ է տալիս, այլև պարտականություններ է բերում՝ բոլորի ու ամեն ինչի մասին հոգալու: Ճիշտ այդպես՝ ՀՀԿ-ն իբրև իշխող կուսակցություն՝ կրում է կառավարության պատասխանատվությունը և շահագրգիռ է թե կառավարության հաջողության, թե երկրի զարգացման համար:
Վստահ եմ, որ խորհրդարանը կհաստատի կառավարության ծրագիրը՝ գիտակցելով պահի և խնդրի կարևորությունը, ուստի հաջողություն եմ մաղթում վարչապետ Կարեն Կարապետյանին ուկառավարությանը»՝ ասել է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԱԺ արտահերթ նստում:
Ազգային ժողովը կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց կառավարության ծրագրին։ Քվեարկությունից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն եզրափակիչ խոսքում անդրադարձավ պատգամավորների ելույթներին՝ նշելով, որ մի մասը հետաքրքիր էր, մի մասի տրամաբանությունն էլ անհասկանալի էր իր համար։